Հունիսի 16-ին Միացյալ Նահանգները որպես օգնություն Ուկրաինային փոխանցել է 60 մլն դոլարի Javelin հակատանկային հրթիռային համալիրներ, ռադիոկայաններ և պահեստամասեր։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատունը նշում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է ռուսական ագրեսիայի դեմ և աջակցում է Ուկրաինային սուվերենության և տարածքային ամբողջականության հարցում։ 2018-ին Ուկրաինան ԱՄՆ-ից որպես ռազմական օգնություն ստացել էր Javelin համալիրների 200 միավոր հրթիռ և 37 արձակման կայան:
Նշենք նաև, որ սպառազինությունը ԱՄՆ-ից Կիև է տեղափոխվել ադրբեջանական «Սիլքվեյ» ավիաընկերության 4K-SW800 կողային համարով Boeing B747-400F բեռնատար ինքնաթիռով:
Javelin հրթիռային համալիրները շահագործման են հանձնվել 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը 2.5 կմ է: Այս համալիրներից գնել է Վրաստանը։