Վաղվանից Ուկրաինայի զինված ուժերի հակատանկային ստորաբաժանումները կսկսեն ամերիկյան Javelin համալիրների հաշվարկների պատրաստման գործնական պարապմունքները։ Համալիրները արդեն համալրել են Ուկրաինայի բանակի սպառազինությունը, հաստատել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Կիևին հակատանկային համալիրների մատակարարումը հաստատել է դեռևս 2017-ին։ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նաև Javelin համալիրների Վրաստանին մատակարարման հայցը։ Վրաստանի հետ պայմանագիրը գնահատվում է 75 մլն դոլար, Վրաստանը պատվիրել է 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել է, որ այս որոշումը թույլ կտա տեսական պատրաստությունից անցնել գործնականի՝ ստեղծելով հակատանկային հզոր ռեզերվ։