Վրաստանը ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կգնի

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելու մասին որոշումը: Մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել:

Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում:

Որոշումը դեռևս պետք է արժանանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ

Վրացական կողմը կստանա նաև 10 միավոր ուսումնական համալիր և 70 միավոր ուսումնական հրթիռ: Համալիրները և հրթիռները հատկացվելու են Միացյալ Նահանգների զինված ուժերի պահուստներից:  Համալիրների փոխադրումը և սպասարկումն ապահովելու է ամերիկյան կողմը:

Javelin հրթիռային համալիրները զինված ուժերի շարքերը համալրել են 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը 2.5 կմ է:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր, որտեղ ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մետիսի հետ հանդիպման ընթացքում քննարկել էին Վրաստանի պաշտպանական կարողությունների բարեփոխումներին և ամրապնդմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ այցից առաջ Լևան Իզորիան հայտարարել էր, Միացյալ Նահանգները Վրաստանին պաշտպանական համակարգում բարեփոխումների համար ավելի քան 100 մլն դոլար կտրամադրի:

ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում են Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրեր: Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ ամերիկացի հրահանգիչների ղեկավարմամբ պետք է վերապատրաստվի 2018-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *