Մայիսի 18-ից Ադրբեջանի բանակում մեկնարկել է խոշոր զորավարժությունը, որը տևելու է մինչև մայիսի 22-ը: Զուգահեռ զորավարժություն է մեկնարկել նաև Նախիջևանում:
Վարժանքների առաջին օրը խաղարկվել են զորամասերից դեպի զորավարժության անցկացման վայրեր տեխնիկայի և անձնակազմի տեղափոխման դրվագներ և երթեր:
Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ՝ «Պոլոնեզ», «Սմերչ», «Քասրղա», «Լինքս», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանի ևն, ինչպես նաև մոտոհրաձգային ստորաբաժանումներ և տեխնիկան՝ «ԲՏՌ-82Ա» զրահափոխադրիչներ, «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներ:

Մշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ երթերի դրվագներ են խաղարկվել նաև Նախիջևանում, որտեղ ևս ներգրավվել են «Սմերչ», «Քասրղա» ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկա ևն:
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ վարժանքներին ներգրավվել է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այստեղ ներգրավված միջոցների և անձնակազմի մասին թվեր չեն ասել:
Մենք հետևում ենք վարժանքների ընթացքին, և ավելի մանրամասն կանդարադառնանք ավարտին՝ ամփոփելիս: