Լիբիայի ազգային բանակը կրկին թուրքական ԱԹՍ է խոցել

Լիբիական երկու իշխանությունների միջև մայիսի սկզբից մինչ օրս խոշոր բախումներ են ընթանում երկրի արևմտյան ալ֊Վաթիյա (al-Watiya) ավիաբազայում, որտեղ այսօր գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը (LNA) խոցել է թուրքական հերթական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։

Այս մասին գրված է Լիբիայի ազգային բանակի թվիթերյան պաշտոնական էջում։ Նշվում է, որ ԱԹՍ֊ն, ամենայն հավանականությամբ, թուրքական արտադրության «ԱՆՔԱ» տեսակի է, թեև նշենք, որ առկա կադրերից գործնականում դա հնարավոր չէ հասկանալ:

Ալ֊Վաթիյա ավիաբազան տեղակայված է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) կենտրոն Տրիպոլի քաղաքի հարավ֊արևմուտքում։ Ավիաբազայի մոտակայքում ևս մեկ թուրքական ԱԹՍ խոցելու մասին Հաֆթարի ուժերը հայտարարել էին մայիսի 8-ին։

2014թ. ալ֊Վաթիյա ավիաբազան անցել էր Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերի վերահսկողության տակ։ Ըստ Al Jazeera միջազգային լրատվական գործակալության՝ ավիաբազան հետ գրավելու համար առաջինը գործողություն է սկսել «Ազգային համաձայնության բանակը»։

Ըստ աղբյուրի՝ ավիաբազան ռազմավարական կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար և եթե այն գրավվի «Ազգային համաձայնության կառավարության» կողմից, ապա Հաֆթարի ուժերի համար ավելի կդժվարանա երկրի արևմտյան տարածքները հետ գրավելը, քանի որ հիմնական ավիահարվածները Տրիպոլիի ուղղությամբ իրականացվում են այդ ավիաբազայից։


2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *