Թուրքիայի ՌԾՈւ շտաբի պետը հեռացվել է պաշտոնից

Մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ ծովակալ Ջիհաթ Յայջըն, ազատվելով ռազմածովային ուժերի շտաբի պետի պաշտոնից, ծառայության է նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարության ենթակայության տակ։

Նշանակման վերաբերյալ նախագահի հրամանը կեսգիշերին հրապարակվել է պաշտոնական Resmî gazete թերթում։

Ծովակալ Յայջըն հայտնի է որպես զինված ուժերում այսպես կոչված «ծպտյալ գյուլենականներին» հայտնաբերելու FETÖMETRE ծրագրի հեղինակ։ Ծրագրի նպատակը 2016 թ. հեղաշրջման փորձի մեջ կասկածվող զինվորականների հայտնաբերումն ու հեռացումն է: Այս առումով ուշագրավ է թուրքական լրատվամիջոցների պնդումն այն մասին, որ մինչ Յայջըի հեռացումը որոշ գյուլենականներ սոցցանցերում հաղորդագրություն էին տարածում այն մասին, որ «շուտով պաշտոնից ազատվելու է կարևոր ծովակալներից մեկը»։ Նշվում է, որ հատկապես քննադատությունների ալիք է բարձրացրել այն, որ նշանակման որոշումն ընդունվել է առանց ռազմածովային ուժերի հրամանատարության հետ քննարկվելու։

Ընդդիմադիր Ahval լրատվակայքը հայտնում է, որ վերջին շրջանում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ծովակալ Ջիհաթ Յայջըի հարաբերություններում կար որոշակի լարվածություն։ Աղբյուրի պնդմամբ՝ Յայջըն, ըստ էության, ստացել է ավելի ցածր պաշտոն, և կան կարծիքներ, որ այս նշանակմանը կհաջորդի ծովակալին թոշակի ուղարկելը։

Ջիհաթ Յայջըն նաև համարվում է 2019 թ. դեկտեմբերի 6-ին Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Թուրքիայի միջև վավերացված «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» մշակողը։ Հուշագրով կողմերը ճանաչում են Միջերկրական ծովի Բացառիկ տնտեսական գոտում գտնվող բնական պաշարներից օգտվելու միմյանց սահմանները:

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ այս հանկարծակի որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի ռազմածովային ուժերի՝ արևելյան Միջերկրականում ունեցած ազդեցության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *