Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։
Այս մասին Ադրբեջանում զորավարժությունների մեկնարկին ընդառաջ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ այս զորավարժության մասին ադրբեջանական կողմը չի ծանուցել, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:
Հիշեցնենք, որ մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական հարձակողական սցենարով պլանային խոշոր զորավարժություն: Նման զորավարժություններն Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը, նախորդը եղել էր՝ մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն: