Մարտի 2-ին Ադրբեջանի բանակում մեկնարկել է այս տարվա առաջին հրամանատարաշտաբային խոշոր զորավարժությունը, որը տևելու է մինչև մարտի 6-ը:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Զորավարժությանը ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թիվը ադրբեջանական կողմը չի հայտնում, միայն նշվում է, որ վարժանքները լայնամասշտաբ են:
Վարժանքների առաջին օրը ստորաբաժանումները զորանոցային վիճակից դուրս են բերվել օպերատիվ շրջաններ, դրանց ներգրավվել են նաև հրետանային ստորաբաժանումներ՝ «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերի, «Գիացինտ-Բ» հրետանու, «Գռադ» ՀԿՌՀ-ի, «Խրիզանտեմա-Ս» հակատանկային ինքնագնաց համակարգի մարտկոցներ:
Նշենք, որ նման կարգի զորավարժություններ Ադրբեջանում անկացվում են տարեկան 3-4 անգամ՝ ըստ տարվա եղանակների: Նախորդ տարի մարտին ևս անկացվել էր խոշոր զորավարժություն: Նման զորավարժություն անկացվել էր նաև 2018-ի մարտին, իսկ 2017-ին եղել էր ապրիլ ամսին: