Ինչպես է Ռուսաստանում անցնելու գարնանային զորակոչը COVID-19-ի պայմաններում

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում գարնանային զորակոչի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 1-ին, սակայն նորակոչիկները զինված ուժերը կհամալրեն մայիսի 20-ից ոչ շուտ։ Իրավիճակով պայմանավորված զորակոչը կանցկացվի հատուկ պայմաններում։

Զորակոչին ենթական քաղաքացիները սկզբնական հաշվառումը և զննումն անցնում են օնլայն տարբերակով։ Զինկոմիսարիատները կսկսեն աշխատել մայիսի 12-ից հետո, իսկ զորակոչիկները զորքեր կուղարկվեն մայիսի 20-ից սկսած։

Զորակոչիկների շարժը կհսկեն հատուկ ուղեկցող սպաներ, նրանց ախտահանման և պաշտպանիչ հատուկ միջոցներ կտրամադրվեն։ Բոլոր զորակոչիկներն, առանց բացառության, հավաքակայաններում կհանձնեն կորոնավիրուսի հայտնաբերման Rapid test-եր (արագ թեստեր, որոնք վիրուսի առառկայությունը կամ բացակայությունը հաստատում են 15 րոպեում)։ Այնուհետև բացասական պատասխանի դեպքում կուղարկվեն բժշկական և հոգեբանական զննության, ապա զորքեր։

Հատուկ ալգորիթմ է մշակվել այն պարագայի համար, եթե կոմիսարիատների աշխատակիցների կամ զորակոչիկներից մեկի մոտ կախտորոշվի կորոնավիրուս։

Զինկոմիսարիատներում և հավաքակայաններում դիմակների, ախտահանիչ նյութերի և թեստերի պաշարներ են կուտակվել․ 2 մլն բժշկական դիմակ, 1500 ջերմաչափ, 12 տոննա ախտահանիչ նյութեր, 270 հազար թեստ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *