Ադրբեջանի Գյոյչայ շրջանի բնակիչ 2002թ․ ծնված շարքային զինծառայող Բահրամ Իլհամ օղլու Մահարրամովը (Bəhram İlham oğlu Məhərrəmov) օրեր առաջ կտրուկ վատացել է և բարձր ջերմությամբ ու արյան ցածր ճնշմամբ տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ էլ անհայտ պատճառից մահացել է։
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan հեռուստաընկերությանը Մահարրամովի հարազատները պատմել են, որ զինծառայողի թաղմանը ներկա է եղել նաև իր հրամանատարը, որն էլ ասել է, որ մահվան պատճառներն առայժմ անհայտ են։ Մահվան պատճառն, ըստ հարազատների, պարզ կլինի փորձաքննությունից հետո։
Մահարամովը Ադրբեջանի Եվլախի շրջանում տեղակայված ՊՍԾ զորամասերից մեկի զինծառայողներից է եղել։ Զինծառայողի մահվան հստակ օրը հայտնի չէ, սակայն նշվում է, որ նա հուղարկավորվել է ապրիլի 20-ին, ինչից կարելի է եզրակացնել, որ զինծառայողը մահացել է կամ ապրիլի 19-ին կամ 20-ին։
Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 18 կորուստ։