Մարտի 1-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբի շրջանում Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի կառավարական ուժերին պատկանող երկու ինքնաթիռ են խոցել, որոնց օդաչուները հասցրել են կատապուլտ լինել ու փրկվել են։
Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։
[Թարմացում] Թուրքիայի ՊՆ֊ն հայտնել է, որ խոցվել է սիրիական երկու միավոր Սու-24 ռմբակոծիչ, ինչպես նաև՝ 3 ՀՕՊ համակարգ։ [Թարմացում]
Նշենք, որ մինչ պաշտոնական հաղորդագրությունը սոցցանցերում տարբեր հայտարարություններ տարածվեցին նախ Ռուսաստանի ՌՕՈւ Սու-24 ռմբակոծիչի խոցման մասին, ինչը շուտով հերքվեց Ռուսաստանի ՊՆ կողմից, այնուհետև տարածվեցին տեղեկություններ, թե Սու-24 խոցվել է, սակայն այն պատկանում է Սիրիայի կառավարական ուժերին։
Հիշեցնենք, որ այսօր Սիրիան փակել է երկրի հյուսիսարևմտյան ու հատկապես Իդլիբ նահանգի օդային տարածքը։ Մինչ այդ Սիրիայի բանակը խոցել է թուրքական արտադրության ANKA-S տեսակի 1 ԱԹՍ։