[Թարմացված] Սիրիան փակում է Իդլիբի օդային տարածքը. SANA

Մարտի 1-ին Սիրիայի բանակը հայտարարել է, որ փակում է երկրի հյուսիս֊արևմուտքի և հատկապես Իդլիբի օդային տարածքը, այդտեղ նկատված ցանկացած ավիացիոն միջոց կդիտարկվի որպես թշնամու թիրախ և կխոցվի։

Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ուշագրավ է, որ այս հայտարարությունից մեկ ժամ առաջ Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդագրություն տարածեց, թե Իդլիբում Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռ է խոցվել, սակայն այս տեղեկությունը շուտով հերքեց SANA գործակալությունը:

Ավելին՝ սիրիական աղբյուրը գրում է, որ խոցվել է ոչ թե սիրիական ավիացիոն միջոց, այլ Սիրիայի բանակն է խոցել թուրքական ԱԹՍ։ Թվիթերում տարածվեց նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ ընդդիմադիր զինյալներն ուրախանում են խոցված ավիացիոն միջոցի կողքին, հայտարարելով, թե «ՄիԳ-23 են խոցել», սակայն կադրերում հստակ երևում է, որ խոցվածը թուրքական ԱԹՍ է, ամենայն հավանականությամբ թուրքական արտադրության ANKA֊S տեսակի։ Ըստ երևույթի՝ խոցված յուրային ԱԹՍ-ն զինյալները համարել էին հակառակորդի ինքնաթիռ և շտապել էին հայտնել այդ մասին:

[Թարմացում] SANA գործակալությունը հայտնել է, որ մարտի 1-ին Սիրիայի բանակն Իդլիբում 3 թուրքական ԱԹՍ է խոցել։[Թարմացում]

Թուրքիայի պետական աղբյուրն արդեն հեռացրել է սիրիական ինքնաթիռ խոցելու մասին հաղորդագրությունը, սակայն այն տարածվել է նաև թուրքական այլ աղբյուրներում, այդ թվում՝ TRT Haber գործակալության կողմից։

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է, որ փետրվարի 27-ին թուրք զինծառայողների վրա ավիահարվածներից հետո սկսված թուրքական գործողությունները, որոնք այժմ էլ ընթացքի մեջ են, կոչվել են «Գարնանային վահան» գործողություն։ Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են և թուրքական կողմը Ռուսաստանի դեմ դուրս գալու որևէ նպատակ չունի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *