Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադառնում են ՄԻԼԱՆ-ի վերաբերյալ Ռազմինֆոյի հրապարակմանը

Ադրբեջանական առաջատար ԱՊԱ լրատվական գործակալություն անդրադարձել է «Էրեբունի» ավիաբազայում հունիսի 28-ին կայացած ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի ցուցահանդեսում առկա զինտեխնիկայի ու զինամթերքի վերաբերյալ Ռազմինֆոյի վերլուծականին։

Ադրբեջանցիների ուշադրությունը հատկապես գրավել է «ՄԻԼԱՆ» (MILAN) հակատանկային կայանը։

Ռազմինֆոյի հոդվածի նախաբանում նշվել էր, 2012-ին ՀՀ ՊՆ շենքում ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներակայացված գերմանա-ֆրանսիական հակատանկային հայտնի «MILAN» համակարգի արձակման կայանի մասին։

Գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան։

Գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան։

ԱՊԱ գործակալությունը, հիմք ընդունելով այս տվյալները, հաղորդել է, որ «Հայաստանը հակատանկային հրթիռներ է գնել՝ չնշելով ինչ քանակով ու որ երկրից են դրանք գնվել»։

Դատելով ԱՊԱ-ի ու ադրբեջանական մյուս լրատվամիջոցների արձագանքներից, այս նորությունից ադրբեջանցիները որոշակիորեն անհանգստացած են, քանի որ «ՄԻԼԱՆԸ» բավական արդյունավետ հակատանկային համակարգ է։

Ադրբեջանցիների ուշադրությունից վրիպել է նաև այն, որ հայկական ռազմարդյունաբերությունն առնչություն է ունեցել «ՄԻԼԱՆ» համակարգերի կատարելագործման հարցում։

«ՄԻԼԱՆ» համակարգը նախատեսված է հետևակի հակատանկային պայքարի հնարավորություններն ընդլայնելու համար։ Սպառազինության ընդունվելով դեռ 1972 թվականին և անընդհատ կատարելագործվելով՝ այն մինչև այսօր իր դասում ամենատարածված և արդյունավետ համակարգերից մեկն է:

ԱՊԱ-ն գրում է նաև, որ Ֆրանսիան և Գերմանիան, հաշվի առնելով Արցախյան հակամարտությունը, արգելք են սահմանել Հայաստանին ու Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու համար։ Սակայն մեր հերթին հավելենք, որ 2012-ին ՆԱՏՕ պաշտոնական անձինք հայտարարել էին՝ ՆԱՏՕ անդամ երկրներն իրավունք ունեն անհատապես զինտեխնիկա վաճառել թե´ Հայաստանին, թե´ Ադրբեջանին։

Ռազմինֆոյի նույն հրապարակումն անդրադարձներ է գտել նաև մեկ այլ առաջատար՝ «1news.az» ու Aze.az ադրբեջանական կայքերում, ինչպես նաև ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական համացանցային ֆորումներում։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ԱՊԱ-ն անդրադարձ էր կատարել Նոյեմբերյանի զորամասում Ռազմինֆոյի թիմի այցին՝  մեկնաբանելով ՀՀ ԶՈւ-ում կիրառվող դիպուկահար հրացանների լուսանկարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *