Զինվորը բանակում սոված չի մնում. Վազգեն Այվազյան

Սկսում ենք հարցազրույցների նոր շարք. Ռազմինֆոյի ուշադրության կենտրոնում բանակից զորացրված տղաներն են։ Մեր առաջին զրուցակիցը Վազգեն Այվազյանն է։ Վազգենը ծառայել է մոտոհրաձգային գումարտակում։

Վազգեն Այվազյանը՝ աջից առաջինը

Վազգեն Այվազյանը՝ աջից առաջինը

— Ուզում եմ հիշեք, թե երկու տարի առաջ ինչպե՞ս էիք պատրաստվում ծառայությանը։

Դե երբ ստացա ուղեգիրը, արդեն տրամադրվեցի, որ պետք է ծառայեմ հայկական բանակում: Հոգեբանորեն և ֆիզիկապես ինձ պատրաստում էի՝ գիտակցելով սպասվող դժվարությունները։

— Մինչև ծառայության գնալը (այն, որ արդեն մի քանի օր է մնում) ամենամեծ դժվարությունը ո՞րն էր։

Երբ արդեն գիտակցում ես, որ երկար ժամանակով հեռու ես լինելու հարազատներից։

— Բանակ ճանապարհելիս ամենամեծ ու ամենաօգտակար խորհուրդը ումի՞ց է եղել։

Շատ մարդիկ շատ խորհուրդներ են տվել: Փորձել եմ հնարավորինս հետևել դրանց։ Կոնկրետ մեկը չեմ կարող առանձնացնել։

— Բանակային առաջին օրը հիշո՞ւմ եք։ Ի՞նչ էիք զգում։

Սկզբում անորոշություն: Չնայած լավ գիտակցում էի իմ դերը բանակում, այնտեղ հայտնվելով ամեն ինչ ավելի անորոշ դարձավ։ Ժամանակի ընթացքում շտկվեց։

— Բանակում ամենամեծ հիասթափությունը ո՞րն էր։

Բանակի մասին իմ պատկերացումները այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը:

— Իսկ Դուք ինչպե՞ս էիք պատկերացնում ու ի՞նչը իսկապես չհամընկավ։ Փորձեք կոնկրետացնել։

Կարգապահությունն իմ պատկերացրած մակարդակի վրա չէր, ինչպես նաև սպայակազմի մասնագիտական պատրաստվածությունը այդքան էլ բարձր չէր։

—Ի՞նչն ամեն դեպքում կփոխեիք բանակում։

Կուզենայի տեսնել ավելի բարձր մասնագիտական պատրաստվածությամբ սպայակազմ։

— Իսկ զինվորների՞ շրջանում։

Ավելի շուտ կցանկանայի ավելի դաստիարակված, հարգալից և խելացի զիվորներ տեսնել, որը, ցավոք, նորից լուրջ խնդիր է:

— Ամենադժվար փուլը Ձեզ համար ո՞րն էր։

Ամենադժվարը սկզբի մեկ շաբաթն էր մինչև ադապտացվելը։

— Զինվորը բանակում ինչի՞ խնդիր ունի։

Լուրջ խնդիր համարում եմ զինվորների միջև փոխհարաբերությունները:

— Արդյո՞ք խստության պակաս կա բանակում։

Անկասկած։

2011թ ՀՀ Անկախության զորահանդես

2011թ ՀՀ Անկախության զորահանդես

— Եթե Ձեզ հարցնեն, արդյո՞ք բանակային երկու տարին ժամանակի ու կյանքի իզուր կորուստ է եղել, ապա ինչ կպատասխանեք։

Այդպես թվում է, բայց ինձ բանակը փոխել է դրական իմաստով՝ ինքնուրույնություն, վստահություն, հասուն մտածելակերպ և մոտեցումներ։

— Ի՞նչը կամ ում էիք ամենաշատը կարոտում բանակում։

Ընտանիքիս և հարազատներիս էի կարոտում, նաև քաղաքացիական կյանքը։

— Ինչի՞ կարիք էիք ամենաշատը զգում բանակում։

Կանացի գեղեցկության (ժպտում է)։

— Ի՞նչն էր ամենաշատը Ձեզ դուր գալիս բանակում։

Բանակային ընկերություն հասկացությունը, հրաձգության պարապմունքները։

— Սնունդը բանակում ինչպիսի՞ն էր։ Ինչպե՞ս հարմարվեցիք նոր սննդակարգին, թե այդպես էլ չհարմարվեցիք։

Սնունդը նորմալ էր: Զինվորը սոված չէր մնում: Ես հենց առաջին օրվանից հարմարվել եմ սննդին։

— Իսկ բանակում ինչպե՞ս էիք տնօրինում ազատ ժամանակը։

Անձամբ ես ազատ ժամանակ կամ քնում էի, կամ մարզվում:

— Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը։ Արդյո՞ք աղջիկները պիտի բանակ գնան։

Շատ բացասական եմ վերաբերվում: Իմ կարծիքով աղջիկները բանակում պետք չեն։

— Կբացատրե՞ք, թե ինչու, ավելի ճիշտ կհիմնավորեք Ձեր ասածը։

Կարճ ասած՝ աղջիկը եթե ուզում է ծառայել, պետք է մոռանա որ աղջիկ է՝ չեմ մանրամասնում։

— Ինչպե՞ս նորից հարմարվեցիք քաղաքացիական կյանքին, ո՞րն էր ամենամեծ դժվարությունը։

Քիչ ժամանակ պահանջվեց ադապտացվելու համար, իսկ ներկա պահին ամենամեծ դժվարությունը աշխատանք գտնելն է:

— Կասե՞ք՝ ինչին չէիք հարմարվում։

Երկու տարի ռեժիմով ապրելուց հետո, երևի, «ազատությունը շատ էր թվում»։

Ի՞նչ եք պատրաստվում անել ծառայությունից հետո։

Աշխատել, շարունակել ուսումս։

— Մասնագիտությամբ ի՞նչ եք ու որտե՞ղ եք ուզում շարունակել։

Ավարտել եմ ՀՊՃՀ-ի փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը, նույն մասնագիտությամբ էլ ուզում եմ շարունակել ուսումս։

— Եթե տղա ունենաք, բանակ կուղարկե՞ք։

Անպայման կուղարկեմ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *