Փետրվարի 25–ին Հնդկաստանն ու ԱՄՆ–ն ստորագրել են 24 միավոր ծովային МН-60R և 6 միավոր AH-64E հարվածային ուղղաթիռների գնման պայմանագիր։ Գործարքի ընդհանուր արժեքը 3 մլրդ դոլարից ավելի է։
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Janes մասնագիտացված պարբերականը հայտնում է, որ Հնդկաստանը 24 միավոր МН-60R ուղղաթիռի համար կվճարի 2.4 մլրդ դոլար, իսկ 6 միավոր AH-64E ուղղաթիռի համար՝ շուրջ 800 մլն դոլար։
МН-60R ուղղաթիռների առաջին 6 միավորանոց խմբաքանակը Հնդկաստանում կլինի 2021 թվականին, իսկ մնացածը՝ մինչև 2023 թվականը։ Պատվիրված AH-64E ուղղաթիռները Հնդկաստանը կստանա նույնպես 2023 թվականին։
Սա այս ուղղաթիռների գնման Հնդկաստանի առաջին պայմանագիրը չէ, դեռ 2014 թվականին Հնդկաստանը պատվիրել էր 22 միավոր AH-64D Apache, որի համար վճարել էր 1.4–2.2 մլրդ դոլար։
Հիշատակման արժանի է այն, որ ռազմածովային ուժերի սպառազինությունում առկա Westland Sea King Mk-42 ուղղաթիռները փոխարինելու համար Հնդկաստանը մրցույթ էր հայտարարել 2006 թվականին։ Սկզբից Հնդկաստանի հավանությանն էր արժանացել S-70B ուղղաթիռը, որի մրցակիցը հայտարարված մրցույթում NHI NH-90 ուղղաթիռն էր։
2011 թվականին Հնդկաստանն անցկացրել էր երկու ուղղաթիռների համեմատական փորձարկումներ, սակայն 2014 թվականին NH-90 ուղղաթիռները դուրս էին մնացել մրցույթից, քանզի արտադրող ընկերության բաժնեմասերի 32.5 տոկոսը պատկանում էր Leonardo ընկերությանը, իսկ Leonardo–ը, կոռուպցիոն սկանդալից հետո, արգելափակվել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության կողմից։