Փետրվարի 25-26-ին «Լիբիայի ազգային բանակը» գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ «Ազգային համաձայնության կառավարության» կենտրոն Տրիպոլիի հարավում խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB 2 տեսակի երկու ԱԹՍ։
Հիշեցնենք, որ ևս մեկ թուրքական ԱԹՍ խոցվեց 2019թ․ դեկտեմբերի 13-ին, երբ «Լիբիայի ազգային բանակն» ավիահարվածներ էր հասցրել Միսրաթայի ավիացիոն ակադեմիայի ուղղությամբ՝ Թուրքիայի հովանավորյալ Լիբիայի՝ «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի դեմ՝ թիրախավորելով նույն օրն առավոտյան Ստամբուլից Միսրաթա ուղարկված թուրքական ԱԹՍ֊ների նոր կազմը։
Նույն օրվա՝ դեկտեմբերի 13-ի արբանյակային լուսանկարում Միսրաթայի ավիաբազայի թռիչքուղու վրա երևում է «Բայրաքթար» ԱԹՍ:
Հավելենք, որ Լիբիայում 2011թ․ քաղաքացիական պատերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:
«Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցում է Թուրքիան, որը հունվարի 3-ի որոշմամբ զորք է ուղարկել Լիբիա ու արդեն երկու կորուստ ունի, ըստ պաշտոնական տվյալների։