Խալիֆա Հաֆթարը հանդիպել է Սերգեյ Շոյգուին

Փետրվարի 19-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ Նշվում է, որ կողմերն ընգծել են Լիբիայի հարցով Բեռլինյան համաժողովի ընթացքում ընդունված որոշումների կարևորությունը։

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն և Լիբիայի «Ազգային բանակի» ղեկավար Խալիֆա Հաֆթարը
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն և Լիբիայի «Ազգային բանակի» ղեկավար Խալիֆա Հաֆթարը

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 18-ին, Հաֆթարի հակառակորդ Լիբիայի «ազգային համաձայնության կառավարությունը» ՄԱԿ֊ին հայտնել էր, որ այլևս չի մասնակցելու Ժնևում «5+5» ձևաչափով սկսված բանակցություններին։ Նույն օրը Հաֆթարի ուժերը հարվածներ էին հասցրել Տրիպոլիի ուղղությամբ ու նաև պայթեցրել էին Տրիպոլիի նավահանգիստ ժամանած թուրքական նավը, որ ռազմամթերք էր մատակարարում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով կոնֆերանս, որին բացի Լիբիայում հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչներից՝ Խալիֆա Հաֆթարից և Ֆաիզ ալ֊Սարաջից, ներկա էին ԱՄՆ, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի և այլ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՄԱԿ֊ի ներկայացուցիչներ։

Կողմերը համաձայնեցին ստեղծել «5+5» ֆորմատով ռազմական հանձնաժողով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի, որի նպատակն է Լիբիայում ամբողջական հրադադար հաստատելուն ուղղված բանակցությունների կազմակերպումը։


Լիբիայում 2011թ․ քաղաքացիական պատերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։ 

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *