Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամռանը հնարավոր է «Սուխոյ» ընկերության հետ ստորագրի Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների գնման պայմանագիր։ Նշվում է, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր ռմբակոծիչների մասին է։
Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ առաջիկայում պլանավորած է սպառազինությունում առկա Սու-34–երի արդիականացում։ Նշենք, որ 2017 թվականին, այն ժամանակ դեռ ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Սու-34–երի արդիականացումը սկսվելու է 2018 թվականին։
Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչներն արտադրվում են «Սուխոյ» ընկերության մասնաճյուղում՝ Նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանում։ Ռմբակոծիչների գնման առաջին պայմանագիրը արտադրողն ու ՌԴ ՊՆ–ն կնքել էին դեռևս 2008 թվականին։ Նախատեսված 32 միավոր ինքնաթիռների առաջին խմբաքանակը մատակարարվել էր 2014 թվականին։
Հաջորդ՝ 2012 թվականին կնքված և այժմ գործող պայմանագրով նախատեսված 92 միավոր ռազմաճակատային ռմբակոծիչների մատակարարումը նախատեսված է ավարտել այս տարի։ Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր տվյալների, ներկայումս ՌԴ ՌՕՈւ տրամադրության տակ կա 110-130 միավոր Սու–34, իսկ նախատեսվում է ինքնաթիռների թիվը հասցնել 150-200։