Լեհաստանն այս ուրբաթ՝ հունվարի 31–ին, Դեմբլին ավիաբազայում կստորագրի ԱՄՆ-ից 32 միավոր F-35 կործանիչներ գնելու պայմանագիրը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 4.6 մլրդ դոլար է։
Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը իր թվիթերյան միկրոբլոգում։
5-րդ սերնդի կործանիչներ ձեռք բերելու Լեհաստանի ցանկության մասին խոսակցությունները մեծապես տարածվեցին, երբ 2019 թվականի մարտին Բլաշչեկը հաստատեց մինչև 2026 լեհական բանակի արդիականացման նախագիծը։
Այնուհետև նախարարը հայտարարել էր, որ հնարավոր է կործանիչների ձեռք բերումը ուղեկցվի Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելու հետ, որի համար Լեհաստանը մտադիր է վճարել շուրջ 2 մլրդ դոլար։
Իսկ 2019 թվականի մայիսին կործանիչներ գնելու համար Լեհաստանը պաշտոնական հարցում էր ուղարկել ԱՄՆ-ին։ F-35-ները լեհական ավիապարկում փոխարինելու են խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներին և Սու-22Մ4 կործանիչ-գրոհչներին, որոնց քանակը Լեհաստանի սպառազինությունում համապատասխանաբար 21 և 26 միավոր է։