Լեհաստանը մոտ է 5-րդ սերնդի Ֆ–35 կործանիչներ գնելուն

Լեհաստանը մոտ է Ֆ–35 կործանիչների գնման պայմանագիրը կնքելուն։ Հնարավոր է կործանիչների ձեռք բերումը ուղեկցվի Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելու հետ, որի համար Լեհաստանը մտադիր է վճարել շուրջ 2 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։

Այս մասին հայտնում է ամերիկյան defensenews կայքը։

Ավելի վաղ՝ ապրիլի 25–ին Լեհաստանում ԱՄՆ ՌՕՈւ քարտուղար Հիթեր Ուիլսոնը հայտարարել էր, որ մայիսին Լեհաստան են ժամանելու ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ, որոնք Լեհաստանին ներկայացնելու են Ֆ–35 կործանիչը։

Ֆ–35 կործանիչների ձեռքբերման և Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելու մասին լուրերը նոր չեն։ Մարտին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռութը այցելել էր Լեհաստան, և լեհ պաշտոնյաների հետ քննարկած հարցերից մեկը ռազմաբազա* տեղակայելու մասին էր։

Մարիուշ Բլաշչեկն էլ իր հերթին մարտին, մինչև 2026 թվականը բանակի արդիականացման նախագիծը հաստատելը, հայտարարել էր որ լեհաստանը կարիք ունի իր սպառազինությունում առկա խորհրդային ՄիԳ–29 և ՍՈւ–22 կործանիչները փոխարինել 32 միավոր 5–րդ սերնդի կործանիչներով, որոնց հավանական գինը ամենաքիչը կարող է 5.27 միլիարդ դոլար լինել։

Ապրիլի 5–ին էլ ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչ Մաթիաս Վինթերը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցում հայտարարել էր, որ Lockhed Martin ընկերության F-35 կործանիչների հավանական գնորդներից մեկը կարող է լինել Լեհաստանը։

* Ներկայումս Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը կայուն չէ։ Տարեկան միջին հաշվարկով Լեհաստանում է լինում 4500 ամերիկյան զինծառայող։ Նրանց մի մասը մտնում է Սուվալյան միջանցքում ԱՄՆ գլխավորած բազմազգ 1000 հոգանոց խմբի մեջ, մյուսը գերմանական սահմանի մոտ գտնվող ամերիկյան բրիգադի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *