Լեհաստանի ազգային պաշպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը հաստատել է մինչև 2026 թվականը բանակի արդիականացման նախագիծը, որով նախատեսվում է ձեռք բերել 5–րդ սերնդի կործանիչներ, ԱԹՍ–ներ, ուղղաթիռներ, ՀՕՊ և հրթիռային համակարգեր։
Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարի ելույթից։
Ինչպես նշել է լեհ պաշտոնյան, բանակի արդիականացումն ու նոր սպառազինության ձեռք բերումը կպահանջի 185 միլիարդ զլոտի (մոտավորապես 50 միլիարդ դոլար)։ Այս միջոցները կբաշխվեն ըստ տարիների։ 2019-ի համար նախատեսված է 3 միլիարդ դոլար, 2026–ին ծախսերը կաճեն մինչև 8.3 միլիարդ դոլար: Նշենք, որ ծախսերը իրենց մեջ ներառում են նաև տարեկան պաշտպանական բյուջեն։
Հարկ է նշել, որ Բլաշչեկը նշել է խորհրդային արտադրության Սու–22 և ՄիԳ–29 կործանիչների՝ 5–րդ սերնդի նոր կործանիչներով փոխարինման անհրաժեշտության մասին. 5–րդ սերնդի կործանիչները կկարողանան արդյունավետ համագործակցել սպառազինության մեջ առկա F-16–երի հետ։
Չնայած չի նշվում, թե կոնկրետ ինչ կործանիչի մասին է խոսքը, BMPD–ն ենթադրում է, որ խոսքը ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35A կործանիչների մասին է։

Նախարարի խոսքով՝ գնելու են նաև ՀՕՊ համակարգեր, որոնք թույլ կտան պայքարել ԱԹՍ–ների դեմ։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ հնարավոր է, որ այս ծրագիրը միանա «Վիսլա» ծրագրին, որով նախատեսված է մինչև 2022 թվականը փոքր և միջին հեռահարության հրթիռային համալիրների գնումով թարմացնել հակաօդային և հակահրթիռային համակարգերը։ Բլաշչեկը հայտնել է նաև, որ արդեն ստորագրել են ամերիկյան Himars ՀԿՌՀ –ների (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) գնման պայմանագիր։
Նշենք, որ Լեհաստանը ՆԱՏՕ անդամ եզակի երկրներից է, որ պահպանում է ռազմական բյուջեի և համախառն ներքին աճի սահմանված նորմատիվը։