Ալիևը խոսում է բանակից՝ հղում անելով ժամանցային նշանակության վարկանիշային ցուցակի

Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել էր 2019թ. արդյունքների ամփոփման ժողով, որտեղ, ի թիվս տարբեր ոլորտների՝ նախագահը անդրադարձել էր նաև բանակի ցուցանիշներին:

Ալիևի ելույթը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում: Ելույթի՝ բանակին վերաբերող հատվածում Ալիևը, մասնավորապես նշել էր՝

«Աշխարհի ամենաուժեղ բանակների թվում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը՝ 96-րդը: Մասնավորապես՝ ռազմաօդային ուժերի ներուժով Ադրբեջանը 63-րդն է, Հայաստանը՝ 86, ռազմածովային ուժերի ներուժով՝ Ադրբեջանը 67-րն է, Հայաստանը ծով չունի, տանկային ուժերի ներուժով Ադրբեջանը՝ 32-րդ, իսկ Հայաստանը՝ 78-րդ տեղում է»:

Այս տվյալները մեջբերելիս՝ Ալիևը հղում է անում Global Firepower Index զեկույցին, որի «գաղտնիքին» մենք արդրադարձել էինք դեռ 2017-ին: Այն գիտական, վերլուծական և անգամ լրատվական որևէ արժեք չունի, նախատեսված է բացառապես ժամանցի համար, և հեղինակները դա գաղտնի չէին պահում: 2017-ին այդ կայքում նշված էր, որ ներկայացված նյութերը ժամանցային նշանակության են: Նշենք, որ «ժամանցայինի» կետը հիմա բացակայում է կայքում, սակայն դա էական փոփոխություն չի մտցնում այդ «վարկանիշային ցուցակում»:

Հատկանշական է, որ, ըստ Ալիևի խոսքի, նման տվյալներ ներկայացնելու մոտիվացիան ՀՀ վարչապետի հայտարարություններն են Հայաստանի տարբեր ոլորտների տվյալների մասին: Ալիևը ելույթի սկզբում նշել էր, որ ՀՀ վարչապետը վիճակագրական տվյալներ ներկայացնելիս, ՀՀ-ն համեմատում է Ադրբեջանի հետ և պնդում, որ Հայաստանը շատ պարամետրերով առաջ է Ադրբեջանից: Շարունակելով խոսքը՝ Ալիևը ասում է, որ «հակառակն ապացուցելու համար ցանկանում է մի քանի տվյալ բարձրաձայնել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *