«Իսկանդեր–Մ»–ի հրթիռը մոտ 650 կմ է հատել և ընկել Ղազախստանում

Ղազախստանի ՊՆ–ն հունվարի 9–ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, Ակտյուբինսկի մարզի Բայգանինսկ շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում ընկել է Ռուսաստանի փորձարկումների կենտրոնից արձակված հրթիռի մասերից մեկը։ Պայթյուն չի եղել, չկան նաև զոհեր, վիրավորներ ու ավերածություններ։

Այս մասին նշվում է Ղազախստանի ՊՆ կայքում։ Ռազմական հարցերով մասնագիտացված bmpd բլոգը, հղում անելով թվիթերյան օգտատերերից մեկի գրառմանը, հայտնում է, որ ընկած հրթիռն ամենայն հավանականությամբ «Իսկանդեր–Մ» համալիրի բալիստիկ հրթիռն է։

Ղազախստանի ՊՆ հաղորդագրությունից bmpd-ն եզրակացրել է, որ զորավարժարանը, որտեղից արձակվել է տվյալ հրթիռը, «Կապուստին յար»-ն է։ Հրթիռի ընկնելու վայրից մինչև զորավարժարան հեռավորությունը 627 կմ է։ Փաստորեն «Իսկանդերի» հրթիռը պաշտոնապես հայտարարված 500 կմ տարածությունից երկար է թռչել։

Հավելենք, որ պայմանագիրը խախտելու համար փոխադարձ մեղադրանքներից հետո՝ 2019 թվականին, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դուրս եկան 1987-ի դեկտեմբերի 8-ին կնքված «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից»։

Նշենք, որ 2019 թվականի հունվարին Ռուսաստանը ցուցադրել էր 9Մ729 ինդեքսով նոր թևավոր հրթիռ ու արձակման կայան, որն ըստ ԱՄՆ–ի խախտում էր պայմանագրով սահմանված դրույթները։ Հրթիռի պաշտոնապես հայտարարված հեռահարությունը 480 կմ էր։ ԱՄՆ-ն էլ իր հերթին 2019 թվականի դեկտեմբերին էր ցուցադրել նոր հրթիռի նախատիպ, որն՝ ըստ ռուսական կողմի, նույնպես խախտում է պայմանագրի կետերը, քանի որ հրթիռը նախագծելու ժամանակ դեռևս գործում էր պայմանագիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *