Ռուսական բանակի սպասվելիք համալումները 2020-ին

Այսօր՝ հունվարի 15–ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում խոսել էր նաև սպառազինության մրցավազքի մասին, հայտնելով սպառազինության ոլորտում Ռուսաստանի՝ առաջատար լինելու մասին:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ստորև կներկայացնենք, թե ինչ սպառազինություն է սպասվում ռուսական բանակում այս տարվա ընթացքում։

Ավիացիայի ոլորտում 2020 թվականին սպասվում է շուրջ 100 միավոր տեխնիկայի մատակարարում։ Մասնավորապես այս տարի պետք է սկսվի պայմանագրով նախատեսված 76 միավոր Սու–57 կործանիչների մատակարարումը։ Ինչպես նաև մատակարարվելու է 20 միավոր Սու-35Ս կործանիչ, Սու–30ՍՄ, Սու–34, Մի–28Ն, Կա–52, Մի–35Մ հարվածային ուղղաթիռներ, Մի–8ԱՄՏՇ և Մի–36 բեռնատար ուղղաթիռներ։ Հնարավոր է նաև ևս 100 միավոր Կա–52 ուղղաթիռների գնման պայմանագիր ստորագրվի ՌԴ ՊՆ–ի և գործարանի միջև։

«ՏԱՍՍ» գործակալությունը իր հոդվածներից մեկում նշել էր, որ Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազային ավիացիան՝ ՄիԳ–29 կործանիչները, փոխարինվելու են Սու–30ՍՄ կործանիչներով։ Թեև այս մասին դեռ 2019 թվականից էր խոսվում, սակայն այս լուրը պաշտոնական հաստատում դեռևս չունի։ Իսկ 102–րդ ռազմաբազայի ավիացիայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը Razm.info–ի հետ զրույցում ասել էր, որ թեև հստակ որոշում դեռ չկա, սակայն տրամաբանական կլինի այդպիսի վերազինումը։

ՀՕՊ զորքերում սպասվում է Ս–400 ԶՀՀ–ների 4 գնդային լրակազմի և 6 դիվիզիոն «Պանցիր» համակարգերի մատակարարում, ինչպես նաև 2 դիվիզիոն Բուկ–Մ3։ Իսկ ցամաքային զորքերին մատակարարվելու է 565 միավոր տարբեր տեսակի զրահապատ մեքենաներ, 436 միավոր հրթիռահրետանային հիմնական սպառազինության զինտեխնիկա, 300 միավորից ավել զրահատանկային տեխնիկա՝ Տ–72Բ3, Տ–80ԲՎՄ, Տ–90Մ տանկեր, ԲՏՌ–82Ա/ԱՄ, ԲՄՊ–2Մ, ԲՄՊ–3 զրահամեքենաներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *