Միջերկրական ծովում մեկնարկել են ռուս–սիրիական համատեղ վարժանքներ

Ռուսաստանի ՌԾՈւ Միջերկրածովյան նավախումբն ու Սիրիայի ՌԾՈւ–ն դեկտեմբերի 17–ին, Միջերկրական ծովում սկսել են համատեղ վարժանքներ։ Վարժանքներին, բացի սիրիական ու ռուսական նավերից, մասնակցում են Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի ինքնաթիռներ ու ԱԹՍ–ներ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Վարժանքների հրամանատար դերծովակալ Ալեքսանդր Յուլդաշեվի խոսքերով՝ նավերը ծովում խաղարկելու են հրետանային կրակի սցենարներ, իսկ ցամաքում՝ Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կայանում, խաղարկվելու են ԱԹՍ–ների դեմ պայքարի և պայմանական հակառակորդի ներխուժմանը հակազդող սցենարներ։

Վարժանքների հայտարարվող նպատակը երկու երկրների համապատասխան ուժերի ներդաշնակ գործողությունների մշակումն է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, և անցկացման վայրն էլ պատահական ընտրված չէ․ ռուսական նավատորմը Միջերկրական ծովից Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին թևավոր հրթիռներով հարվածելու փորձ ունի։

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը
ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը

Հիշեցնենք, որ Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան տեղակայված է 2015 թվականի սեպտեմբերից, իսկ Տարտուսում գործող նյութատեխնիկական ապահովման կայանը կազմավորվել է 1971 թվականին՝ նպատակ ունենալով սպասարկել Միջերկրածովյան նավախմբին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *