Մի քանի շաբաթ է Ռազմինֆոն զորակոչի վերաբերյալ հարցեր է ստանում ընթերցողներից։ Հաճախ տրվող հարցերն ուղարկել ենք նախարարություն և պատասխաններ ստացել։ Ներողություն ենք խնդրում պատասխանները ուշացնելու համար, ցավոք, դա միայն մեզնից չէր կախված։
Նախարարությունից ուղարկված պատասխանները տեղադրվում է նույնությամբ:
- Խնդրում եմ մանրամասնել, թե ո՞ր դեպքերում եւ ի՞նչ ժամկետով են միակողմանի ծնողազուրկներին տարկետում տրամադրում։
ՊՆ– Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման հիմքերը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում։
Razm.info– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը՝ այստեղ․
- 2019 թվականի ձմեռային զորակոչին գործելու՞ է «Պատիվ ունեմ» ծրագիրը։
ՊՆ– «Պատիվ ունեմ» ծրագիրը սահմանված է ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N 430-Ն որոշմամբ, որը նախատեսում է ծրագրի իրականացում միայն ամառային զորակոչերի շրջանակներում։
Razm.info” ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N 430-Ն որոշումը՝ այստեղ։
- Բժիշկ լեյտենանտների երկամյա ժամկետային ծառայության զորակոչը ե՞րբ է մեկնարկելու։
ՊՆ– Սպայական կազմի զորակոչի հայտարարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։
- Եթե նախազորակոչիկը ծնվել և քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ապրում եւ սովորում է Հայաստանում, ինչպե՞ս է իրականացվելու նրա զինծառայությունը:
ՊՆ– Հարցը հստակեցման կարիք ունի, քանի որ չի հասկացվում խոսքը ՀՀ երկքաղաքցիություն ունեցող, թե ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի մասին է։
Razm.info-ն խոստանում է հարցը մեկ անգամ էլ ճշտել։
- Եթե մի եղբայրը ծառայում է Պաշտպանության բանակում, մյուս եղբայրը շուտով կզորակոչվի բանակ, մայրն էլ 2–րդ կարգի հաշմանդամ է, հնարավո՞ր է, որ եղբայրները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքի կորպուսներից մեկում։
ՊՆ– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահաջների համաձայն եղբայրների համատեղ ծառայություն միևնույն զորամասում նախատեսվում է, եթե ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը, իսկ ինչ վերաբերում է ծնողից 2-րդ կարգի հաշմանդամություն ունենալու պատճառով ՊԲ-ում ծառայության մեջ գտնվող եղբորը ՀՀ տարածքում տեղակայված որևէ զորամաս տեղափոխելու հարցին, ապա վերոնշյալ օրենքի դրույթներով նման նորմ սահմանված չէ։
Razm.info– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը՝ այստեղ։
- Խոսակցություններ կան, որ առաջնագծում ծառայողների ծառայության ժամկետը հնարավոր է կրճատվի։ Հնարավո՞ր է, որ 2020 թվականին զորակոչվողները օգտվեն այդ հնարավոր բարեփոխումից։
ՊՆ– ՀՀ ՊՆ կողմից պարտադիր զինծառյության ժամկետների փոփոխության օրենսդրական նախաձեռնություն առկա չէ, այլ նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։
- Եթե զինկոմիսարիատը ուղեգրում է լրացուցիչ հետազոտության, զորակոչիկը կարո՞ղ է տեղեկանալ դրա արդյունքի մասին։ Եթե այո, ապա որտեղից:
ՊՆ– Անձին բժշկական հեռազոտությունների արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման պահանջը սահմանաված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում և ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N 405-Ն որոշմամբ սահմանված կարգում։
Razm.info– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը՝ այստեղ, ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N 405-Ն որոշումն՝ այստեղ։
- Այս զորակոչին անցկացվելու՞ է տեխնոլոգիական վաշտում (ՌԱՊԿ-ում) ծառայելու մրցույթ։
ՊՆ– 2019թ․ ձմեռային զորակոչի ընթացքում անցկացվելու է տեխնոլոգիական վաշտում ծառայելու մրցույթ՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թ․ հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված կարգի։
Razm.info– ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թ․ հունիսի 25-ի N 8-Ն հրամանը՝ այստեղ։