Դեկտեմբերի 9-ին Բաքվում կայացել է ռուսաստանյան արտադրության ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկի արարողությունը: Կենտրոնը կառուցվելու է ադրբեջանական SW Helicopter Services ընկերության և ռուսաստանյան Вертолеты России հոլդինգի համագործակցությամբ։
Արարողությանը մասնակցել է նաև Вертолеты России հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին: Այս մասին հայտնում է հոլդինգի կայքը:
Սպասարկման կենտրոնի ստեղծման մասին պայմանագիրը կողմերը ստորագրել էին դեռ 2016-ին: Կենտրոնում պետք է սպասարկվեյին մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի սպառազինությունում առկա ուղղաթիռները:
Այն ժամանակ նշվում էր Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման մասին, հետագայում՝ 2017-ին, հայտնի դարձավ, որ ռուսական ընկերությունը Silk Way ընկերությանը տրամադրում է ՌԴ արտադրության բոլոր տեսակի* ուղղաթիռների վերանորոգման արտոնագիր:
* Ներկայումս Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների սպառազինությունում կան ռուսաստանյան Մի-8/17, Մի-24/35, Կա-27 ուղղաթիռներ:
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 9-ին մեկնարկել են սպասարկման և վերանորոգման արդեն լիարժեք կենտրոնի շինարարական աշխատանքները, քանի որ 2018-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ կենտրոնը Բաքվում արդեն իսկ գործում է, սակայն մասնագետներն էին գնում ուղղաթիռի մոտ և տեղում աշխատանքներ կատարում, ոչ թե ուղղաթիռներին էին տարվում կենտրոն։
Вертолеты России հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովն այն ժամանակ հայտնել էր, որ կենտրոնը նախատեսված էր տեղային վերանորոգման համար և զարգացվելու դեպքում, կարող է դառնալ սպասարկման և վերանորոգման լիարժեք կետ։
Այդպես 2018–ին վերանորոգվել էր մեկ Մի-8ԱՄՏ ուղղաթիռ, քննարկվում էր երկրորդի վերանորոգման հարցը, իսկ այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ կողմերի միջև մեկական Մի-8ԱՄՏ և Մի–8ՄՏՎ–1 ուղղաթիռների վերանորոգման պայմանագրի կնքման մասին։