Աֆղանստանում ահաբեկիչները հարձակվել են «Բաղրամ» ավիաբազայի վրա, որտեղ խաղաղապահական առաքելություն են իրականացնում Վրաստանի զինված ուժերի զինծառայողները։ 5 զինծառայող վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ նախարարը և ԶՈւ ԳՇ պետը օնլայն ռեժիմով հետևում են իրավիճակի զարգացմանը։ Նշվում է, որ այս պահին վիրավոր զինծառայողները նույնպես մասնակցում են ահաբեկիչների լիկվիդացման գործողությանը։
Վրաստանցի զինծառայողները Աֆղանստանում են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում: Ներկայում Աֆղանստանում ծառայություն է անցնում շուրջ 900 վրաստանցի զինծառայող:
Նույն առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ խաղաղապահական բրիգադի շուրջ 130 զինծառայող: «Վճռական աջակցություն» առաքելությունը մարտական չէ: Դրա հիմնական նպատակը Աֆղանստանի զինված կառույցների անձնակազմերի պատրաստումն է: