Սիրիայում մարտերը շարունակվում են՝ չնայած կրակի դադարեցման պայմանավորվածությանը. ԶԼՄ–ներ

Չնայած Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը դադարեցնելու մասին թուրք–ամերիկյան պայմանավորվածությանը, ԶԼՄ–ների փոխանցմամբ (1,2,3), Սիրիայի Ռաս ալ–Այն շրջանում մարտերը շարունակվում են։

Մասնավորապես միջազգային Reuters գործակալությունը գրում է, որ Սիրիայի հետ սահմանակից թուրքական Ջեյլանփընար քաղաքից սկսվել է գնդակոծություն, սիրիական քաղաքում ծուխ է բարձրացել։

Այսօր Սիրիայի Ռաս ալ–Այն քաղաքում ենթադրյալ արկակոծությունից բարձրացած ծուխը․ լուսանկարը՝ Associated Press–ի
Այսօր Սիրիայի Ռաս ալ–Այն քաղաքում ենթադրյալ արկակոծությունից բարձրացած ծուխը․ լուսանկարը՝ Associated Press–ի

Թուրքիան Սիրիայի հյուսիս–արևելքում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ «Խաղաղության ակունք» (“Barış pınarı”) կոչվող նոր գործողություն է սկսել հոկտեմբերի 9-ից։

Գործողությունը սկսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Սիրիայի հյուսիս-արևելքից և չեն միջամտելու թուրքական գործողությանը։ Սակայն երկու օր անց Թրամփը սկսեց սպառնալ Թուրքիային, որ եթե վերջինս անցնի թույլատրելիի սահմանն, ապա «ԱՄՆ–ն կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը»։ Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ եվրոպական մի շարք երկրներ տարբեր մակարդակներով դեմ են արտահայտվել այս գործողությանը, այդ թվում մի քանի երկիր զենքի էմբարգո են կիրառել Թուրքիայի նկատմամբ։

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության Թուրքիա այցից և երկկողմ տարբեր հանդիպումներից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան 120 ժամով դադարեցնելու է ռազմական գործողությունները Սիրիայում՝ նշելով, որ սա ընդամենը դադար է, որպեսզի «ահաբեկիչները դուրս գան տարածաշրջանից, ինչից հետո միայն կմտածեն գործողությունը դադարեցնելու մասին»։ Մամուլի առանձին ասուլիս հրավիրեցին նաև Մայք Փենսը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *