Հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումներից հետո Թուրքիան 120 ժամով դադարեցնելու է ռազմական գործողությունները Սիրիայում։
Այս մասին իր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն` նշելով, որ սա ընդամենը դադար է, որպեսզի «ահաբեկիչները դուրս գան տարածաշրջանից, սա հրադադար չէ».
«Միայն ահաբեկիչների դուրս գալուց հետո մենք կմտածենք գործողությունը դադարեցնելու մասին»,-ասել է Չավուշօղլուն։
Այս լուրին իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գրել. «Հիանալի նորություններ Թուրքիայից … Շնորհակալություն Էրդողանին։ Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»։
Այսօր ամերիկյան «Նյու Յորք Թայմսը», սեփական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդերի դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունից հետո ԱՄՆ-ում մտածում են Ինջիրլիք ավիաբազայից ԱՄՆ միջուկայինին զենքի դուրսբերման շուրջ:
Ավելի վաղ, Թուրքիայում հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Հանդիպումներ են եղել նաև երկու երկների պատվիրակությունների միջև։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ նոր՝ «Խաղաղության ակունք» (Barış Pınarı) անունը կրող գործողության մեկնարկի մասին։ ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով դեմ է արտահայտվել այդ գործողությանը։