Հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, ինչպես նախորդ երկու դիտարկումներին (1,2)։ Նշենք, որ երևույթը նոր չէ, նախորդ տարիներին Ադրբեջանը պարբերաբար դիտորդներին դուրս չի բերել դիրքեր։
Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայտնում է, որ դիտարկումն անցել է նորմալ և ըստ ժամանակացույցի։
Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: