Հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է արել շփման գծում՝ Արցախի Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը։ Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը դիրքեր չի բարձրացնում ԵԱՀԿ դիտորդներին։ Ադրբեջանի ՊՆ իր հերթին հայտնում է, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի։
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):