ՌԴ ԶՈւ հարավը տեխնիկական համալրումներ ունի

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավիապարկը համալրվել է մինչև Սու–25ՍՄ3 մակարդակի արդիականացված 4 միավոր գրոհիչներով։ Մինչև տարեվերջ ռազմական շրջանի սպառազինության մեջ կմտնի ևս 2 միավոր արդիականացված Սու–25ՍՄ3 գրոհիչ։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։ Կայքը նշում է, որ Սու–25ՍՄ3–ները արդիականացվել են սիրիական պատերազմի փորձից ելնելով և հենց Սիրիայում են առաջին անգամ մասնակցել պատերազմական գործողություններին։

Սու–25–երի արդիականացումը նախ վերաբերում է գրոհիչի պաշտպանական համակարգի բարելավմանը։ Նոր գրոհիչների ճակատային և կողային հատվածները պաշտպանված են 24 մմ հաստության զրահով, ապակիների հաստությունը 55 մմ է։ Արդիականացված գրոհիչները համալրված են «Վիտեբսկ–25» պաշտպանական համալիրով։ Գրոհիչը նաև համալրվել է «Սոլտ–25» նշանառման համալիրով։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մտադիր է սպառազինությունում առկա բոլոր Սու–25–երը արդիականացնել մինչև ՍՄ3 մակարդակի, ինչի համար պլանավորվում է ծախսել 43,3 մլն դոլար, իսկ արդիականացումը ավարտել մինչև 2021 թվականը։

Բացի այս, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը ստացել էր ևս մեկ արդիականացված Սու–25ՍՄ3 գրոհիչ, իսկ ՀՌՇ հրամանատարը հայտարարել էր, որ ռազմական շրջանը ավելի քան 220 միավոր նոր տեխնիկա է ստացել 2019 թվականի առաջին կեսին։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան, որի ավիապարկում առկա 18 միավոր ՄիԳ–29 կործանիչները հնարավոր է փոխարինվեն Սու–30ՍՄ կործանիչներով։

ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի որոշմամբ՝ ռազմական շրջանը մինչև տարեվերջ ստանալու է 1200 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկա։ Հարավային ռազմական շրջանի նախորդ տեխնիկական համալրումների մասին կարող եք կարդալ այս հոդվածներում (1, 2, 3):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *