Համացանցում հայտնվել է Եգիպտոսին հնարավոր մատակարարվելիք Կա-52-ի լուսանկարը

Համացանցում լուսանկար է հայտնվել Ռուսաստանի Վլադիվաստոկ քաղաքի օդանավակայանից, որտեղ երևում է, թե ինչպես է բեռնափոխադրող Ան–124 ինքնաթիռի մեջ բեռնվում Կա–52 ուղղաթիռ։ Թվիթերյան օգտատեր Ռուստամ Բոգադինովը ուղղաթիռի «անապատային» քողարկանախշից ենթադրել է, որ ուղղաթիռը նախատեսված է Եգիսպտոսի զինված ուժերին մատակարարելու համար*։

Այս մասին հայտնում է Scramble ամսագիրը։ Ամսագիրը նաև գրում է, որ Բոգադինովը նկատել է նաև բեռնման պատրաստ այլ Կա-52–ներ։

Եգիպտոսի համար նախատեսված Կա–52 ուղղաթիռ․ նկարը՝ Scramble Magazine
Եգիպտոսի համար նախատեսված Կա–52 ուղղաթիռ. լուսանկարը՝ Scramble Magazine–ից

Եգիպտոսի և Ռուսաստանի միջև 46 միավոր Կա–52 ուղղաթիռի գնման պայմանագիրը կնքվել է 2015 թվականին։ Առաջին 3 միավորը մատակարարվել է 2017–ին։ Ավելի ուշ՝ 2018-ին, սոցցանցերում հայտնվել էին արբանյակային լուսանկարներ, որոնցում, ԶԼՄ–ների պնդմամբ, երևում է արդեն Եգիպոսին մատակարարված 12 միավոր Կա-52–ը։

Բազային Կա-52 «Ալիգատոր»–ը խորհրդային արտադրության Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի մոդիֆիկացիան է: Հարվածային ուղղաթիռը նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Անձնակազմը երկու հոգի է։ Արտադրվում է 2008-ից, շահագործվում՝ 2011-ից:

Ուղղաթիռի թռիչքատեխնիկական բնութագիրը.

  • առավելագույն արագությունը– 300 կմ/ժ
  • թռիչքի առաստաղը– 5.5 կմ
  • արագությունը՝ ուղղաձիգ բարձրանալիս– մինչև 12 մ/վ

Զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, որն ունի 460 արկ լրակազմ: Ուղղաթիռի վրա առկա 6 կախոցի վրա հնարավոր է կախել մինչև 2 տոննա զանգվածով սպառազինություն, այդ թվում՝ «օդ-մակերևույթ» դասի հակատանկային կառավարվող հրթիռների «Վիխր-1» արձակման կայաններ, «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռների «Իգլա-Բ» համալիրներ, ինչպես նաև Ս-8 (80 մմ) կամ Ս-13 (130 մմ) չկառավարվող հրթիռներ:

*Սկզբնաղբյուր թվիթը գտնել չհաջողվեց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *