Ռուսաստանի զինուժը Տաջիկստանում զորավարժություն է սկսել

Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում մեկնարկել է 1000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն։ Զորավարժությունը անցկացվում է «Լեուր» և «Սամբուլի» զորավարժարաններում։

Այս մասին հայտնում է Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ զորավարժությանը ներգրավված է 200 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Տ–72Բ տանկեր, ԲՄՊ–2 մարտական մեքենա, ԲՏՌ–82Ա, ԲՄ–21 «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Զորավարժության հայտարարվող նպատակը տարբեր զինատեսակների համագործակցության մշակումն է։

Նշենք, որ կապված Միջին Ասիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությանը, Տաջիկստանի ռուսական ռազմաբազայում հաճախ անցկացվում է հակաահաբեկչական վարժանքներ (1,2,3,4), իսկ 2018 թվականին Տաջիկստանում ձերբակալվել էր 12 մարդ, որոնց կասկածում էին 201–րդ բազայում ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար։

201-րդ ռազմաբազայի զինծառայողները
201-րդ ռազմաբազայի զինծառայողները

Տաջիկստանում 201–րդ ռազմաբազան Ռուսաստանի՝ իր տարածքից դուրս գտնվող ամենամեծ ստորաբաժանումն է։ Այստեղ ծառայում է մոտ 7000 զինծառայող։ Ռազմաբազան տեղակայված է Տաջիկստանի մայրքաղաք Դուշանբեում և Բոխտար քաղաքում։

Ռազմաբազան ստեղծվել է 2004 թվականին՝ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև կնքված համաձայնագրով և 201–րդ դիվիզիայի հիմքի վրա։ 2012 թվականին Ռուսաստանը մեղադրել էր Տաջիկստանին ռազմաբազայի հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջադրելու համար, սակայն նույն թվականին կողմերը համաձայնության եկան հարցի շուրջ և նոր համաձայնագրով ռազմաբազան մինչև 2042 թվականը կմնա Տաջիկստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *