Եգիպտոսի համար հավաքված Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռը փորձարկման փուլում է

Մեկնարկել է ռուսաստանյան արտադրության Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռի՝ Եգիպտոսի համար նախատեսված առաջին օրինակի փորձարկման փուլը: Այս մասին հայտնում է «Вертолеты России» ուղղաթիռաշինական հոլդինգի կայքը:

Արտահանման համար նախատեսված ուղղաթիռների առաջին խմբաքանակը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնվել դեռևս 2016-ի դեկտեմբերին: Նշվում է, որ մի քանի ֆյուզելյաժ ներկայում գտնվում է ուղղաթիռի վերջնական հավաքման գործարանում:

Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռ

Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռ

Եգիպտոսին Կա-52 «Ալիգատոր» մատակարարելու պայմանագրի մասին 2015-ի դեկտեմբերին հայտնել էր հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: Ավելի վաղ՝ 2015-ի սեպտեմբերին, ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Եգիպտոսը պատվիրել է 50 միավոր Կա-52 ուղղաթիռ, որոնք շատ հնարավոր է, որ մատակարարվեն տախտակամածային տարբերակով: Միաժամանակ գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ ուղղաթիռները գնվելու են ավիակիրներից առանձին:

Բազային Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը խորհրդային Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ ՝, թռիչքի առաստաղը՝ 5.5 կմ: Ուղղաձիգ բարձրանալիս Կա-52-ը կարող է զարգացնել մինչև 12 մ/վ արագություն:

Կա-52-ը զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, որն ունի 460 արկ մարտական լրակազմ: Ուղղաթիռի վրա կան 6 կախոցներ, որոնց վրա կարող է կախվել մինչև 2 տոննա զանգվածով սպառազինություն, այդ թվում՝ «օդ-մակերևույթ» դասի հակատանկային կառավարվող հրթիռների «Վիխր-1» արձակման կայաններ, «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռների «Իգլա-Բ» համալիրներ, ինչպես նաև Ս-8 (80 մմ) կամ Ս-13 (130 մմ) չկառավարվող հրթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *