Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը՝ Երեւանում: Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:
Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:
Օրակարգում ընդգրկված են եղել նաև 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձեւավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր: