Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը:
Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների ժամանակ նախարարը դասախոսություն է կարդացել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով։
Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:
Այնուհետև, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:

