Թուրքիայում ծայրահեղականության, ահաբեկչության, տարբեր հանցագործությունների և այլ թեմաների ուսումնասիրությամբ ու մշտադիտարկմամբ զբաղվող ստոկհոլմյան «Nordic Monitor» կենտրոնը գաղտնազերծել ու այսօր հրապարակել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության 2016թ․ հուլիսի 14-ի (ռազմական հեղաշրջման փորձից մեկ օր առաջ) գաղտնի զեկույցը։
Գաղտնի փաստաթղթում հետաքրքիր տեղեկություններ են հիշատակվում Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների, մասնավորապես՝ «Իսլամական պետության» գործողությունների մասին։ Ըստ զեկույցի՝ 2016թ․ հուլիսին ԻՊ-ն պլանավորել է հրթիռային հարվածներ ու մահապարտ հարձակումներ իրականացնել Թուրքիայում ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են եղել ԻՊ-ի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը։
Բացի այդ՝ ծրագրերում եղել է նաև մահապարտների հարձակում «Սուրբ Սոֆիա» տաճարի, «Սուլթանահմեթ» և Ստամբուլի այլ խոշոր մզկիթների, ինչպես նաև Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Իզմիրում, Անկարայում ևն, լրագրողների, զբոսաշրջիկների, զինծառայողների վրա։ Զեկույցում նշվում է նաև, որ մեծ թվով ԻՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ դուրս են եկել Իրաքից և փորձում են հաստատվել Թուրքիայում։
Բացի այն, որ այս զեկույցը պարունակում է գաղտնի տվյալներ, հետաքրքիր է նաև դրա հետագա ճակատագիրն ու հեղինակի պատմությունը։ Զեկույցը գրել է Թուրքիայի Ցամաքային ուժերի հետախուզության նախկին աշխատակից, կապիտան Յուսուֆ Գյուլը, որն այժմ ձերբակալված է Թուրքիայում 2016թ․ հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող «գյուլենականների» հետ կապի համար։
Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ իրավապահները նրա հեռախոսում գտել են «ԿակաոԹոլք» (KakaoTalk) մեսինջերը։ Մեղադրանքն առաջադրվել է այն պնդմամբ, որ ծառայողն այս հավելվածով կապ է հաստատել «գյուլենականների» հետ ու տեղեկություններ փոխանցել։ Դատարանում Գյուլը հայտարարել է, որ այդ հավելվածով խոսել է միայն ընտանիքի անդամների հետ։
Բացի այն, որ Գյուլը զեկույցը ներկայացնելուց մի քանի օր հետո ձերբակալվել է, այս զեկույցը հաստատվել է միայն մեկ տարի անց, ու ըստ այդմ՝ Թուրքիայի ոստիկանությունը մեկ տարի հետո գործողություններ է սկսել ԻՊ անդամների դեմ։ Ահաբեկչության համար մեղադրվողների առաջին ձերբակալությունները եղել են 2017թ․ հունիսին՝ Ադանայում արված ռեյդերի ժամանակ։ Ձերբակալվել էր 11 անձ՝ «Ինջիրլիք» ավիաբազայի վրա հարձակում նախապատրաստելու մեղադրանքով։
Նշենք, որ գաղտնազերծված փաստաթղթերի մասին գրել է “Nordic Monitor” ստոկհոլմյան ընկերության ղեկավար Աբդուլլահ Բոզքուրթը։ Օբյեկտիվության համար պետք է նշենք, որ սոցիալական ցանցերում Բոզքուրթի մասին կարծիքներ են պտտվում, որ վերջինս հայտնի է հակաէրդողանական ապատեղեկատվություններ տարածելով։ Բոզքուրթը եղել է նաև «Մուհաբիր» լրատվական գործակալության տնօրենը, որը Թուրքիայի կառավարությունը փակել է 2016թ․ հուլիսին։
Հիշեցնենք նաև, որ 2016թ․ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել։ Թուրքիայի իշխանություններն այս փորձի կազմակերպման համար մեղադրում են
«գյուլենականների» և այդ կազմակերպության հետ կապի համար ձերբակալում են թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց։ Ձերբակալությունները շարունակվում են մինչ օրս։