Տվեր քաղաքում ընթացող Ռուսաստանի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարաշտաբային վարժանքների ժամանակ կիրառվել է «Վալդայ» ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոց, որը նախատեսված է ԱԹՍ–ների դեմ պայքարի համար։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Վալդայը»
«Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմի մեջ մտնող «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ կոնցերնի» (ռուս.՝ «Концерн Радиоэлектронные технологии» (КРЭТ)) արտադրանքն է։
Նշվում է, որ ՌԷՊ միջոցը կարող է ռադիոլոկացիոն կայանի միջոցով հայտնաբերել և վնասազերծել անօդաչու սարքերը ավելի քան 5 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այս, «Վալդայը» կարող է որոշել ռադիոալիքների ուղղությունը, ճանաչել թիրախը և տվյալները փոխանցել ԱԹՍ որսացող այլ համակարգերին։ Կայանը փորձարկվել է մի քանի տարբեր անօդաչուներով։
Զորավարժարանում մարտավարական նշանակության հրթիռային զորքերի ռազմագիտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով՝ այս փուլի համար կայանի փորձարկումները հաջողված են։
Նշենք, որ մարտավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարաշտաբային վարժանքներին մասնակցում է ավելի քան 4000 զինծառայող և ներգրավված է մոտ 400 միավոր զինտեխնիկա։