Հնդկաստանը շարունակում է տեխնիկական պատճառներով ՄիԳ-27 կորցնել

Մարտի 31-ին Հնդկաստանի Ռաջեստան նահանգում կործանվել է խորհրդային արտադրության ՄիԳ-27 ինքնաթիռ, որը պատկանել է երկրի ռազմաօդային ուժերին։ Օդաչուն հասցրել է կատապուլտ լինել և չի տուժել։

Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Օդ բարձրանալուց հետո ինքնաթիռը շարժիչի հետ խնդիրներ է ունեցել, ինչն էլ նախնական դարձել է կործանման պատճառը։

Լուսանկարը՝ indiaaheadnews.com-ից

Հնդկաստանը ուսումնական թռիչքի ժամանակ ՄիԳ-27 էր կորցրել նաև այս տարվա փետրվարին, դրանից ավելի վաղ՝ 2018-ի սեպտեմբերին, կրկին տեխնիկական խնդիրների պատճառով, այն ժամանակ ևս օդաչուն հասցրել էր փրկվել։ Իսկ օրեր առաջ Հնդկաստանը ՄիԳ-21 կործանիչ էր կորցրել, որը թռիչքի ընթացքում բախվել էր թռչնի հետ։

Նշենք, որ Հնդկաստանը պարբերաբար տեխնիկական պատճառներով ՄիԳ-27 ինքնաթիռներ է կորցնում։ 1971 թվականից Հնդկաստանը մարտական և ոչ մարտական պայմաններում կորցրել է ավելի քան 40 միավոր ՄիԳ-27։ Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանը տարիներ առաջ ՄիԳ ընտանիքների վթարայնությունը բացատրել է նրանով, որ Հնդկաստանը այս ինքնաթիռների համար օգտագործել է ոչ ռուսական արտադրության պահեստամասեր։

Դեռևս 2013 թվականին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը նախատեսում են երկարաձգել խորհրդային արտադրության ՄիԳ-21  և ՄիԳ-27ՄԼ ռազմական ինքնաթիռների շահագործման ժամկետները։

ՄիԳ-27 ինքնաթիռները սպառազինության էին հանձնվել 1980-ական թվականներին։ 88 միավոր այսպիսի ինքնաթիռ 2013-ին արդեն արդիականացվել էր Հնդկաստանում։ Վերափոխվել էին ինքնաթիռների օդաչուների կաբինաները, համալրել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ինչպես նաև ինքնաթիռը օդում վերալիցքավորելու հնարավորությամբ։ Սակայն այն ժամանակ պարզ չէր, թե մինչև երբ են այս ինքնաթիռներն օգտագործվելու: Տեղեկություններ կար, որ Հնդկաստանը 2017-ին հրաժարվելու է այս ինքնաթիռներից, հիմնականում հենց շարժիչների հետ կապված խնդիրների պատճառով։ 

Ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունը կախված է ոչ միայն «Rafale» ինքնաթիռների պայմանագրի ուշացմամբ, այլ նաև սեփական արտադրության «Tejas» կործանիչների շահագործումը չափից դուրս ձգձգելուց։ Բացի այդ, ըստ զինվորականների, կարևոր է Չինաստանի և Պակիստանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *