Հնդկաստանը երկարաձգում է ՄիԳ-21 կործանիչների շահագործման ժամկետները

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը նախատեսում են երկարաձգել խորհրդային արտադրության ՄիԳ-21 կործանիչների օգտագործման ժամկետները։ Հնացած ավիատեխնիկայի օգտագործման երկարաձգման պատճառը ֆրանսիական «Dassault» ընկերության 126 միավոր «Rafale» կործանիչների փոխանցման պայմանագիրն է, որի ստորագրումը ձգձգվում է։

ՄիԳ-21. Հնդկաստանի օդուժ

ՄիԳ-21. Հնդկաստանի օդուժ

Այս որոշումը դեռևս վերջնական չէ, բայց, ըստ ամենայնի, Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն այն կվավերացնի։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Հետաքրքիր է, որ Հնդկաստանը 1964 թվականից սկսած հավաքել է 874 կործանիչ։ Բայց դրանցից, միայն 264 ինքնաթիռ է սարքին, որոնց մեծ մասին էլ նախատեսվում է շահագործումից հանել մինչև 2017 թվականը։ Չնայած որ այս տեսակի բոլոր ինքնաթիռները Հնդկաստանը նախատեսել էր հանել օգտագործումից 2019 թվականին, այժմ նախատեսում է երկարաձգել կործանիչների օգտագործումը  մինչև 2022-2024 թվականը։

Նշվում է, որ ժամկետների երկարաձգումը հնարավոր է լինելու ՄիԳ-21-երի թռիչքների կրճատման հաշվին։

Ավելի վաղ Հնդկաստանը 125 միավոր ՄիԳ-21-ի արդիականացման գործընթաց էր իրականացնում՝ հույս ունենալով որ կավելացնի շահագործման ժամկետները։ Արդիականացման ժամանակ ինքնաթիռների վրա տեղադրվել էին ռադիոտեղորոշման կայաններ, ինչպես նաև GPS նավիգացիայի հնարավորությամբ համակարգեր։ Բացի այդ, ինքնաթիռներն ամբողջական վերանորոգում էին անցել։

Տեղեկացնենք, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է երկարաձգել նաև ՄիԳ-27ՄԼ կործանիչների շահագործման ժամկետները։ Այս ինքնաթիռները սպառազինության էին հանձնվել 1980-ական թվականներին։  88 միավոր այսպիսի  ինքնաթիռ արդիականացվել է Հնդկաստանում։ Այժմ վերափոխված են ինքնաթիռների օդաչուների կաբինաները, սպառազինված են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ինչպես նաև ինքնաթիռը օդում վերալիցքավորելու հնարավորություն կա։ Թե մինչև երբ են այս ինքնաթիռներն օգտագործվելու, դեռևս պարզ չէ։

Ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունը կախված է ոչ միայն «Rafale» ինքնաթիռների պայմանագրի ուշացմամբ, այլ նաև սեփական արտադրության «Tejas» կործանիչների շահագործումը չափից դուրս ձգձգելուց։ Ըստ զինվորականների՝ ՄիԳ-21 և ՄիԳ-27 տեսակի կործանիչների պահպանումը կարևոր է Չինաստանի և Պակիստանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։

«Rafale» կործանիչների գնման որոշումն ընդունվել էր MMRCA մրցույթի ժամանակ, որին մասնակցում էին նաև  F-16C/D Fighting Falcon, F/A-18E/F Super Hornet, շվեդական JAS 39 Gripen, ռուսական ՄիԳ-35, եվրոպական Eurofighter Typhoon և Rafale կործանիչները։

Մրցույթի արդյունքները հայտարարվեցին 2012 թվականին, իսկ պայմանագիրը պետք է կնքվեր տարվա ընթացքում։

Այնուհանդերձ, Հնդկաստանի ՊՆ-ն ու ֆրանսիական ընկերությունը դեռևս չեն կարողանում կործանիչների տրամադրման հարցի շուրջ համաձայնության գալ։

Ըստ մրցույթի պայմանների՝ ֆրանսիական կողմը հավաքած տրամադրելու էր 18 ինքնաթիռ, իսկ մյուս 108-ը հավաքվելու էր Հնդկաստանի տարածքում։

Հետաքրքիրն այն է, որ 2013 թվականի ապրիլին ֆրանսիական ընկերությունը հայտարարեց, որ չի կարող երաշխավորել Հնդկաստանի տարածքում հավաքվող կործանիչների որակը, և պահանջեց կնքել հավելյալ պայմանագրեր դրանց համար։ Այժմ Հնդկաստանի ՊՆ-ն պահանջում է, որ որակի երաշխավորումը ծավալվի բոլոր 126 կործանիչների վրա, որոնք պետք է համալրեն Հնդկաստանի ՌՕՈւ-ն։

Խորհրդային արտադրության ՄիԳ-21 երկրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները մշակվել են դեռ 50-ական թվականներին «Միկոյան և Գուրևիչ» ընկերության կողմից։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչի՝ 10 հազարից ավել օրինակ։ Առաջին թռիչքն արել է 1956 թվականին։

One response to “Հնդկաստանը երկարաձգում է ՄիԳ-21 կործանիչների շահագործման ժամկետները

  1. Pingback: Հնդկաստանում ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչը բախվել է բնակելի տներին, օդաչուները ողջ են | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *