Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՍՈւ–25 գրոհիչները կարդիականացնի՝ դրանք հասցնելով ՍՈւ–25ՍՄ3 մակարդակի։ Գրոհիչների արդիականացման համար պաշտպանական գերատեսչությունը կծախսի մոտ 2.8 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ 43.3 միլիոն դոլար)։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ գնումների համապատասխան փաստաթղթից։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ գրոհիչների արդիականացումը նախատեսված է ավարտել մինչև 2021 թվականի նոյեմբերը։ Գրոհիչները արդիականացնելու համար հայտարարված է մրցույթ։
Նախատեսված է արդիականացումը կատարել 3 փուլերով և 2020 թվականին մրցույթը հաղթած կազմակերպությանը ՊՆ-ն կվճարի 8,9 միլիոն ռուբլի (13,6 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին՝ 1,8 միլիարդ ռուբլի (29,7 միլիոն դոլար)։ Փաստաթղթի մեջ նշված չէ , թե քանի միավոր ՍՈւ-25 է պատրաստվում արդիականացնել Ռուսաստանը։ Հավելենք, որ 2013 թվականին Ռուսաստանը մինչև ՍՈւ-25ՍՄ3 մակարդակի էր արդիականացրել 50 միավոր ՍՈւ-25։ Այն ժամանակ արդիականացումը կատարել էր «121-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը»։
Սու-25 գրոհային ինքնաթիռները ստեղծվել են 1970-ականներին և նախատեսված էին ցամաքային զորքերի աջակցման համար։ Սու-25-երը կիրառվել են մի շարք զինված հակամարտություններում՝ 1979-1989 թթ. Աֆղանստանի պատերազմից մինչև 2008-ի Հարավային Օսիայի մարտերը։ ՍՈւ-25 գրոհիչներ կան նաև Հայաստանի զինված ուժերում, որոնցից մեկը անցած տարվա դեկտեմբերի սկզբին կործանվել էր, ինչի առթիվ քրգործ էր հարուցվել «թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը» հոդվածով:
Զինտեխնիկայի արդիականացման և վերանորոգման ծավալների և նոր զինտեխնիկա ձեռք բերելու մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասներ հայտարարել էր փետրվարին՝ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ։