Հայ–ռուսական միացյալ զորախումը սկսել է համատեղ վարժանքները․ ներգրավված է ավիացիա

Ապրիլի 1–ին՝ «Բաղրամյան» զորավարժարանում, մեկնարկել է ՀՀ ԶՈւ զինծառայողների և Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի համատեղ դաշտային պարապմունքները։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, և ներգրավված է մոտ 300 միավոր զինտեխնիկա։ Վարժանքները լինելու են մինչև ապրիլի 14–ը։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքները անցնելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրամանատարությամբ։

Ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը ուղեկցել է դեպի զորավարժարան ընթացող ռուսական զորրքերի ավտոշարասյունը և ամբողջ վարժանքների ընթացքում կլինի զորավարժարանում։ Համատեղ վարժանքներին կիրառվելու են տանկեր, մարտական մեքենաներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։

Ավելի վաղ ՀՌՇ-ն հայտնել էր, որ ապրիլի 1-14-ը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները  «Բաղրամյան» զորավարժարանում միասին թռիչքներ են անելու։

Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *