Մարտի 7-ին Սիրիայում ականային պատահարից աջ ոտնթաթի վնասվածք է ստացել հումանիտար օգնության նպատակով մեկնած հայ սակրավորներից մեկը։
Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում հայտնել է հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։ Նշվում է, որ վիրավորը տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ աղբյուրի՝ պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Ականազերծման աշխատանքները այժմ շարունակվում են:
Հիշեցնենք, որ 83 անձից բաղկացած հայ մասնագետների, այդ թվում՝ բժիշկների, սակրավորների ու նրանց անվտանգությունը պահպանող մասնագետների, խումբը Սիրիա է մեկնել փետրվարի 8-ին։ Այս ընթացքում հայ մասնագետները ականազերծել են 10 510 մ քառակուսի տարածք, կատարել են 50 վիրաբուժական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն, ինչպես նաև 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն։