Քուվեյթը ժամանակավորապես հետաձգում է Տ-90ՍՄ տանկերի գնումը

Քուվեյթի կողմից ռուսական Տ-90ՍՄ տանկերի գնումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել։ Այս մասին հայտարարել է Քուվեյթի բանակի սպառազինության և տեխնիկայի վարչության պետ Անվար Ալ Մազիդին։

 Փոխանցում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Քուվեյթը տանկի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ 2014-ից։ Տանկերն արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերության հաշվետվության մեջ նշվում էր, որ կողմերը բանակցում են Քուվեյթին 146 միավոր Տ-90ՄՍ/ՄՍԿ տանկ մատակարարելու շուրջ։

Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկեր կան  Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, Իրաքի, Վիետնամի, Սիրիայի, Ուգանդայի, նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ: Ըստ որում՝ Ադրբեջանը տանկի ամենախոշոր օպերատորներից է։

Ռուսաստանյան Տ-90 տանկերով էր հետաքրքված նաև Իրանը, սակայն 2016 թվականի փետրվարին Իրանում հայտարարեցին, որ Տ-90 տանկեր գնելու կարիք չունեն և մտադիր են արտադրել սեփականը։ Մեկ տարի անց Իրանը արդեն ներկայացրեց սեփական տանկը՝ «Քարրարը»։

BMPD բլոգը գրում է, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ պայմանագրի կնքումը Քուվեյթը հետաձգել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների տակ հայտնվելու հնարավորության ճնշման հետևանքով։

ԱՄՆ–ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում 2014 թվականից՝ հիմնավորելով Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի քաղաքականությամբ։ Պատժամիջոցներով սահմանափակվում են նաև երրորդ երկրների Ռուսաստանից զենքի գնումները։ Պատժամիջոցները կարգավորվում են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ԱՄՆ օրենքով։

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ
Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *