Մարտի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այսօր Թուրքիայի ԶՈւ-ն պարեկություն կսկսի Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև ստեղծված ապառազմականացված գոտում, իսկ ռուսական զորքերը՝ նահանգի շուրջ։
Նախարար Աքարը այդ հայտարարությունը արել է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության տաղավարում քննարկման ընթացքում:
Նախարարը նշում է, որ մինչ այս որոշ խնդիրներ են եղել Իդլիբի և Աֆրինի օդային տարածքը օգտագործելու համար, սակայն այդ խնդիրները հիմա արդեն լուծված են։
«Մենք [Սիրիայի-խմբ․ Ռազմինֆո] իշխանությունների հետ որևէ շփում չունենք, բանակցում ենք միայն ռուսների և իրանցիների հետ։ Իշխանական ուժերից մեր միակ պահանջը հրադադարի պահպանումն է, իսկ ռուսներից խնդրում ենք, որ իշխանությանը կանգնեցնեն։ ․․․ Ստեղծվող անվտանգության գոտում պետք է միայն թուրք զինվորներ լինեն, դա հաստատ է»,- հայտարարել է Աքարը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը սիրիական Իդլիբի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին 2018թ․ սեպտեմբերի 17-ին՝ Սոչիում։ Ըստ այդ համաձայնագրի Իդլիբում պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի, դուրս բերվեին ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինությունը, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը պետք է սկսեին անկախ պարեկային գործողություններ իրականացնել։ Նախատեսվում էր նաև մինչև 2018թ, վերջ ստեղծել տրանզիտային կապ Հալեպ-Լաթաքիա և Հալեպ-Խամա ճանապարհներով, սակայն այդ մասին որևէ տեղեկություն չկա։