Սիրիայում հայ մասնագետների խումբը ականազերծել է 10 510 մ քառակուսի տարածք

Փետրվարի 8–ին Սիրիա՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով մեկնած հայ մասնագետների, այդ թվում՝ սակրավորների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայաստանցի մասնագետների խումբը ականազերծել է 10 510 մ քառակուսի տարածք, կատարել է 50 վիրաբուժական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն, ինչպես նաև 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն։ 

Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում այսօր՝ մարտի 7–ին, գրել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։ 

Գրառման մեջ նշվում է, որ 83 անձից բաղկացած խումբը ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա։ Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: 

Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին: 

Նախկինում հայկական կողմը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիայի ժողովրդին։

Նշենք, որ այս որոշումը արժանացել է նաև քննադատությունների։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այն որակել էր որպես «Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորություն»։ Իսկ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել առանց միջազգային համապատասխան պայմանագրի՝ օրենքի խախտմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *