ԱԺ-ն երկարաձգեց զինծառությունից խուսափածների քրեական հետապնդումից փողով ազատվելու օրենքի ժամկետը

Այսօր՝ մարտի 6-ին, Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն և ամբողջությամբ ընդունեց օրինագիծը, որով Հայաստանից դուրս գտնվող, պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019-ի  մարտի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:

Օրինագիծը առաջարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ընդունվել է 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Ծառայությունից խուսափածները տույժ գումարը կարող են վճարել ոչ ավելի ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նշենք, որ օրենքի մինչ այս գործող տարբերակով գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու իրավունք ունեին 27 տարին մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը լրացածները։ 

*«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2003թ. դեկտեմբերի 17-ից։

2003 թվականից այս տարբերակով քրեական հետապնդումից խուսափել է 27 տարին լրացած պարտադիր զինծառայությունից չանցած 9985 քաղաքացի: Դրա դիմաց նրանք վճարել են  11 մլրդ 81 մլն 46 հազար 100 ՀՀ դրամ: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Խաչատրյանի խոսքով՝ այս պահին զինծառայությունից խուսափելու համար 10 հազարից ավելի հետախուզվողից 3200-ը 27 տարեկանից մինչև 35 տարեկան հասակում է։ 

Նախանցած տարի օրենքի ժամկետը երկարաձգելիս պաշտպանության նախարարությունը առաջարկել էր օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս  հնարավոր չի լինի փոփոխել–երկարաձգել: Առաջարկը չէր ընդունվել, որովհետև այն սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:

Սա ներդրվել էր որպես զգուշացում ներկայում խուսափել պատրաստվողների համար, որպեսզի նրանք «հույս չունենան»՝ հետագայում գումարի դիմաց խուսափել ծառայությունից:

Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից ազատվում են ամեն զորակոչի համար 200 հազար դրամի դիմաց:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։

ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ՝ դեռևս 2017-ի հունիսի 1-ին, հայտնել էր, որ օրենքի ժամկետի պարբերաբար երկարաձգումը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին. նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *