Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով

Ռազմինֆո-ն արդեն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիխովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Ադրբեջանում այս ամենին միանշանակ չէին արձագանքել։ Հայտնի լրագրող Խաջիջա Իսմայիլովան տեսակետ էր հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հետապնդում են իրենց համար ոչ ցանկալի անձ հանդիսացող Սադիխովին։

Նա նախկին քաղբանտարկյալ է, քաղաքական ապաստան է ստացել Նորվեգիայում։ Սադիխովը մշտապես քննադատել է Ադրբեջանի բանակում տիրող կաշառակերությունը, քաղաքական միտումներից ձերբակալություններն ու բռնատիրական կարգը։

«Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Սադիխովն անձամբ դեռևս հրաժարվում է մեկնաբանությունից։

Թեմայի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն։ Վերջինս ասել է, որ Սադիխովը տաղանդավոր ու բանիմաց ռազմական գործիչ է ու հրամանատար։

1995-ին, երբ Սաֆար Աբիևը դառնում է Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար, Սադիխովը նշանակվում է նրա տեղակալ, սակայն շուտով հրամանատարին պաշտոնաթող են անում և ավելի ցածր պաշտոն առաջարկում։ Իսազադեի խոսքերով՝ եթե զինվորականը չունի տույժեր և առանց հիմնավոր պատճառների նրան ցածր պաշտոնի են ուղարկում, ապա նա կարող է հրաժարվել. դա լիովին օրենքի սահմաններում է։

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիխով

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիխով

Երբ Սադիխովը հրաժարվել է ցածր կոչումից, դա որակում են՝ որպես «զինվորական ծառայությունից խուսափում»՝ դատապարտելով վերջինիս։ Այսպիսով, Սադիխովը դառնու է «խղճի բանտարկյալ». այս արտահայտությամբ են բնորոշում այն անձին, որին ազատազրկել են միայն իր քաղաքական, կրոնական կամ գիտական հայացքների համար։

Իսազադեն համոզված է, որ այդ ժամանակ Սադիխովին ձերբակալեցին ու դատապարտեցին միայն նրա համար, որ 1995-ի հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի ընդվզումների ընթացքում հրամանատարն ուժ չկիրառեց Ղազախի ոստիկանների դեմ՝ խաղաղ ճանապարհով հետ վերցնելով նրանց վերահսկողության ներքո կետերը և թույլ տալով ոստիկաններին անվնաս հեռանալ։ Բացի այդ, դեռևս 1993-ի հեղաշրջման փորձի ժամանակ Սադիխովը հավատարիմ էր մնացել Էլչիբեյի կառավարությանը։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախկին վարչապետ Պանահ Հուսեյնովը հարցազրույցում ասել է՝ չի հիշում, որ 1993-ի փետրվարի 25-ին Սադիխովի դեմ քրեական գործ հարուցված լիներ, քանի որ գնդապետն այդ ժամանակ բրիգադի հրամանատար էր, ապա պաշտոնը բարձրացրին՝ նշանակելով կորպուսի հրամանատար։ Հուսեյնովը խոստովանել է, որ լարված ժամանակներ էին, ուստի հնարավոր է՝ «ինչ-որ մարդկանց նկատմամբ անհիմն քրեական գործ հարուցվեր, ապա քաղաքական նկրտումներով այդ թեման բարձրացվեր ներկայումս»։

Այսպիսով, բավականին բարդ պատմություն է ստացվում։ Ներկայումս կարող ենք միայն եզրակացնել, որ անհայտ պայմաններում ու անհայտ պատճառներով դատապարտված Սադիխովին Ադրբեջանի իշխանությունները վերհիշել են այն ժամանակ, երբ վերջինս, քաղաքական ապաստան ստանալով Նորվեգիայում ու չհրաժարվելով Ադրբեջանի քաղաքացիությունից, ցանկություն է հայտնել վերադառնալու հայրենիք՝ աջակցություն ստանալով Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից։ Ադրբեջանում այս թեմայի շուրջ մեկնաբանություններով հանդես եկած գրեթե բոլոր անկախ փորձագետները համոզված են, որ զինդատախազությունը հետապնդում է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարին զուտ քաղաքական դրդապատճառներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *